Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Մասնակցություն «Եվրոպայում հանդիպող ապօրինի թմրամիջոցների խնդիրների հետ կապված ամառային դպրոց - 2016» միջոցառմանը
2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 8-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրոպայում հանդիպող ապօրինի թմրամիջոցների խնդիրների հետ կապված ամառային դպրոց - 2016» միջոցառմանը, որը կազմակերպել էր Լիսաբոնի պետական համալսարանը (ISCTE-IUL)՝ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» (EMCDDA) հետ համատեղ:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» տնօրեն Ալեքսիս Գուսդելը: Համաժողովի բացման ընթացքում ելույթ ունեցան նաև ամառային դպրոցի համակարգող Քեթրին Մուրին և գիտական ծրագրի պատասխանատու Մարիկա Ֆերրին:
Միջոցառման ընթացքում զեկույցներով ելույթ ունեցան «Թմրամիջոցների վերահսկման միջազգային հանձնաժողովի» (INCB) նախագահ Վերներ Զիպը, «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» փորձագետներ Սեսիլ Մարտելը, Դանիլո Բալոտան, Լորեն Լանիեն, Լիսբեթ Վանդամը, Դագմար Հեդրիխը, Ալեսանդրո Պիրոնան, Ջեյն Մոնտենեյը, Կլաուդիա Կ. Ստորտին, Նիկոլա Սինգլթոնը, ինչպես նաև Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ներկայացուցիչ Օուեն Բոուդեն-Ջոնսը (տեսաձայնային դասախոսություն), թմրամիջոցների պորտուգալական ազգային համակարգող Ժոաո Ժուլաուն և այլ հրավիրված մասնագետներ:
Ամառային դպրոցի առաջին շաբաթվա հիմնական շեշտադրումն ուղղված էր թմրամիջոցների վերաբերյալ քաղաքականություններին և իրեղեն ապացույցների արտադրությանը, իսկ երկրորդ շաբաթվանը՝ թմրամիջոցներին առընչվող խնդիրների հետ կապված քաղաքականությունների մշակմանը:
Մի շարք ուշագրավ զեկույցների հետ մեկտեղ Հ.Կասպարյանը նույնպես հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնում թմրամիջոցների, հոգեմետ, թունավոր նյութերի և այլ օբյեկտների փորձագիտական հետազոտության հաստատված և գիտականորեն հիմնավորված մեթոդիկաներն ու ընթացակարգերը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ։
Միջոցառման ավարտին ամառային դպրոցի համակարգող Քեթրին Մուրիի կողմից Հ.Կասպարյանը ստացավ միջոցառմանը մասնակցության հավաստագիր:Ամառային դպրոցի ընթացքում տեղի ունեցան նաև այցելություններ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոն», «Մոուրարիա» թմրամոլության և դրա հետ կապված բարդությունների նվազեցման կենտրոն, «Մեթադոն» շարժական կայան և առողջապահության նախարարության (SICAD) թմրամիջոցների օգտագործումից հրաժարվելուն ուղղված հանձնաժողով:
Ամառային դպրոցի շրջանակներում հաստատվել են նոր կապեր, մասնավորապես՝ համագործակցության պայմանավորվածություններ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի», միջոցառման մասնակիցներից Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Ավստրիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի և Լիբանանի ներկայացուցիչների, այդ թվում՝ մի շարք դատափորձագիտական կառույցների փորձագետների և գիտական աշխատակիցների հետ:
28 Դեկտեմբեր 2016